Մի օր կգա իմ ժամը, ու ես կգնամ առանց հետ նայելու ու վախենալու, կանցնեմ սառցե խավարի միջով, թմբիրի ու սառնամանիքի միջով կհասնեմ լախեռնաձորի ծայրում մարող աստղերին, և նեղ արահետն ինձ կտանի կախարդական այն վայրը, որի մուտքը պահպանում են երկնային աժդահակները։ Նրանք կուղեկցեն ինձ այնտեղ, ուր ամպերը ճերմ-ճերմակ են, ու հողը բուրում է ասես անձրեւից հետո... Այնտեղ գետերը թավշյա ու գորովալի հուն ունեն, իսկ բաց մանուշակագույն լալազարները ձեռքի ափի մեջ թողնում են իրենց նուրբ թերթիկների հետքերը։ Հերիք է`ձեռքդ թափ տաս, ու այդ ծաղկաթերթիկները մեծ թելերով թիթեռնիկների են վերածվում, ճախրում երկինք։ Իսկ այնտեղ քամիները փաղաքուշ են ու խոնարհ, ասես տնական շներ, նստում, ականջները ցցած սեղմվում են ոտքերիդ`պատրաստ վեր թռչել ամեն մի կանչից։ Այնտեղ մշուշը պատկերներ է ցուցադրում. միայն երջանիկ պատկերներ։ Այնտեղ չկան աղետի կանխազգացում և մեղավորության զգացում, այնտեղ ինձ սպասում են նրանք. հանուն նրանց հետ հանդիպման արժեր անցնել այս ամբողջ երկար ճանապարհը։