Մի օր կգա իմ ժամը, ու ես... «Зулали»
HayrapetyanHasmik25 августа 2022Մի օր կգա իմ ժամը, ու ես կգնամ առանց հետ նայելու ու վախենալու, կանցնեմ սառցե խավարի միջով, թմբիրի ու սառնամանիքի միջով կհասնեմ լախեռնաձորի ծայրում մարող աստղերին, և նեղ արահետն ինձ կտանի կախարդական այն վայրը, որի մուտքը պահպանում են երկնային աժդահակները։ Նրանք կուղեկցեն ինձ այնտեղ, ուր ամպերը ճերմ-ճերմակ են, ու հողը բուրում է ասես անձրեւից հետո... Այնտեղ գետերը թավշյա ու գորովալի հուն ունեն, իսկ բաց մանուշակագույն լալազարները ձեռքի ափի մեջ թողնում են իրենց նուրբ թերթիկների հետքերը։ Հերիք է`ձեռքդ թափ տաս, ու այդ ծաղկաթերթիկները մեծ թելերով թիթեռնիկների են վերածվում, ճախրում երկինք։ Իսկ այնտեղ քամիները փաղաքուշ են ու խոնարհ, ասես տնական շներ, նստում, ականջները ցցած սեղմվում են ոտքերիդ`պատրաստ վեր թռչել ամեն մի կանչից։ Այնտեղ մշուշը պատկերներ է ցուցադրում. միայն երջանիկ պատկերներ։ Այնտեղ չկան աղետի կանխազգացում և մեղավորության զգացում, այնտեղ ինձ սպասում են նրանք. հանուն նրանց հետ հանդիպման արժեր անցնել այս ամբողջ երկար ճանապարհը։
1 понравилось
33