Ամպոտ և անաստղ գիշեր է։ Իրիկնապահին ամպերը Իշխանասարից իջան, նստեցին սարերի վրա, Իշխանասարի կատարը մնաց ամպերից վեր, և հիմա լեռները իրենց ամպե առագաստներ ով հանդա~րտ լողում էին ու լեռնային ճամփեքով անցնող ավտոների պես առկայծում - ցոլում երկնքում։
Կիրճում ցնցուղվել են Գորիս քաղաքի լույսերը։ Ո'չ շչակ, ո'չ ծուխ, ո'չ տրամվայի սուլոց աղմուկ, թվում է կիրճում ծվարած փոքրիկ քաղաքը շրջակա լեռների հանդարտությամբ քնել է, ամպերի տակ թողնելով իր լույս երազները, որոնք առավոտվա հետ կհավաքվեն` դառնան մեկ և կիրճ ու քաղաքի գլխին կկախվեն արեւի պես։ Բայց նա ամեն կեսօր կիրճի վրա փռված երկնքին տեսնում է օրերի գույնն ու երանգները. - ժպտում է, մռայլվում, - ամեն առավոտ ու իրիկուն հեռու - հեռու աշխարհներից իր կիրճը հասած օդի հետ շնչում է բարին ու չարը. - և գիշերվա նրա խաղաղ շնչի մեջ անհանգիստ տնքոց կա։ ԵՒ առավոտյան վեր է կենում, ժպտում եղած - չեղածի համար, սրախոսում, անեկդոտներ հորինում, ինքն իրեն ձեռք է առնում...