Отзывы о книге Исключительные

  • Аватар пользователя
    banadzev
    6 марта 2018

    Исключительные Мег Вулицер

    Օսկարակիր «Խելացի Ուիլլ Հանթինգը» ֆիլմում կա մի էպիզոդ, որտեղ համալսարանական թիթիզ ուսանողը փորձում է բարում ուսանողուհու կպցնել , որն այդ ժամանակ խոսում էր մեկ այլ, ոչ-ուսանող տղայի հետ։ Ուսանողի և ոչ-ուսանող տղայի միջև լեզվակռիվ է սկսվում աղջկա համար, որը շատ անսպասելի վերածվում է գիտական մենամարտի։ ՈՒ պարզվում է, որ ոչ-ուսանողը ավելի շատ բան գիտի։ «Հա, - ասում է ուսանողը, երբ վերջում նեղն է ընկնում ,- բայց ես իմ դիպլոմով գործ կգտնեմ, իսկ դու, առանց կրթության սպասավոր էլ կմնաս, թեկուզ շատ կարդացած»։ «Այո՛, -պատաստախանում է ոչ-ուսանողը, - բայց ես գոնե հետաքրքիր կլինեմ»։

    Մենք բոլորս երիտասարդ ժամանակ փորձում ենք լինել օրիգինալ, հետաքրքիր, բացառիկ ու մեզ թվում է, որ իրականում կա մեր մեջ մի հատկություն, որ դեռ կբացվի, կբացահայտվի ու մեզ կդարձնի փայլող աստղ, աննախադեպ երևույթ։ Իսկ ի՞նչ ենք իրականում դառնում։ Հենց այս հարցին է փորձում պատասխանել ամերիկյան ժամանակակից գրականության ամենահաջողակ կին-գրողներից մեկը՝ Մեգ Վուլիցերը, որի գիրքը՝ «Հետաքրքիրները» կամ «Բացառիկները» (The interestings) 6 ընկերների մասին է, որոնք հանդիպում են շնորհաշատ երեխաների ամառային ճամբարում, մտերմանում, ընկերանում, ոմանք ամուսնանում և ապրում։ Մեգը ցույց է տալիս նրանցից յուրաքանչյուր ճանապարհը։

    «Բացառիկները» մեծ արձագանք է ստացել ԱՄՆ-ում, այս գրքի մասին դրական ռեցենզիաների պակաս չի եղել։ Մեգ Վուլիցերին համեմատել են նույնիսկ Ջոնաթան Ֆրանզենի հետ։ Այս ոճը, որ երբեմն անվանում են «քաղաքային արձակ» հենց Ֆրանզենին է հատուկ, որտեղ հերոսների ճակատագրերը տեղադրված են բուռն քաղաքի՝ քաղաքային ու քաղաքական իրադարձությունների ֆոնին։ Բայց ֆրանզենի դեպքում, իր հերոսների ճակատագրերն են ֆոն՝ երկրի ու աշխարհի փոփոխությունները ներկայացնելու, ընտանիքի ու մարդու արժեքային էվոլյուցիան վեր հանելու համար։ Մինչդեռ Վուլիցերի մոտ ճիշտ հակառակն է. սա շատ ավելի կամերային արձակ է, պարփակված Նյու-Յորքով։ Ու այն իսկապես շատ նյու-յորքյան է, որովհետև ինչպես սիրում են կատակել «Սեքսը քաղաքում» հիթային սերիալի հերոսուհիները. «Միթե՞ կյանք կա Մանհեթենից դուրս»։

    Վուլցերի գիրքը երբեմն համեմատում են մեկ այլ ամերիկյան գրական հիթի՝ Հանյա Յանիգախարայի «Փոքր կյանքի» հետ, որը նույնպես ճիշտ չէ։ «Փոքր կյանքը» մեկ մարդու ողբերգական կյանքի մասին է, սեքսուալ տրամվաների, որ երբեք չի անցնում։ Մինչդեռ Մեգ Վուլիցերի գիրքը ունի մի քանի շերտ։ Այն առաջին հերթին երկու կնոջ ընկերության մասին է, ընկերություն՝ այնքանով, որքանով հնարավոր է երկու կնոջ միջև՝ փոխադարձ նախանձով, բայց անփոխարինելիությամբ։ Սա նաև պատմություն է երկու ընկերների միջև անպատասխան սիրո մասին, որ ձգվում է ամբողջ կյանք։ Սա պատմություն է պարզ, հասարակ երջանկությունը երբեմն չնկատելու, ամեն ինչ սովորական դարձնելու և երկրորդական կամ ուրիշներով ապրելու ու դժբախտանալու մասին։

    Մեգ Վուլիցերին հաջողվել է ստեղծել ինքնատիպ գործ։ Այստեղ ամեն մեկը կգտնի իրեն հարազատ սյուժետային գիծ, հարազատ հերոս, ծանոթ իրավիճակ, դիպուկ նկարագրություններ ու վերջաբան, որ այնքան տրամաբանական է, որ ցավեցնում է, այնքան կյանքին մոտ, որ ուզում ես ասել՝ հա ճիշտ ես, բայց դե ուրիշ բան մտածեիր։ Բայց մյուս կողմից, հենց այդպիսի ֆինալն է, որ գործը դարձնում է մանիֆեստ, իր կանխատեսելի դաժանությամբ և կախման կետերով։ Կարևոր չէ, թե վերջում, ի՞նչ կամ ի՞նչպես եղավ։ Ու ոչ էլ թե ո՞վ մնաց։ Ի վերջո, երջանկությունը հենց այդ ընթացքն է, ոչ թե հանգրվանը, որը բոլորի դեպքում, առանց բացառության, մեկն է։ Մահը։

    like4 понравилось
    380

Комментарии 0

Ваш комментарий

, чтобы оставить комментарий.

Комментариев пока нет

Комментариев пока нет,
ваш может стать первым