Логотип LiveLibbetaК основной версии

Рецензия на книгу

Everything I Never Told You

Celeste Ng

  • Аватар пользователя
    banadzev30 апреля 2018 г.

    Все, чего я не сказала Селеста Инг

    Սելեստա Ինգի գիրքը 2015 թվականի բեսթսելլերներից է, մի քանի շաբաթ գլխավորել է Նյու Յորք Թայմսի գեղարվեստական գրքերի ամենաշատ վաճառվածների ցուցակը։ Ու դա պատահական չէ, որովհետև ըստ էության, Սելեստան բարձրացնում է երկու ֆունդամենտալ խնդիր, որին առնչվում են կամ կարող են առնչվել շատերը։

    Վեպն առաջին հերթին մի ընտանիքի մասին է, որի բավականաչափ կիրթ ծնողները, լավագույն ցանկություններից դրդված և ցանկանալով հաղթահարել իրենց իսկ մանկական բարդույթները, իրենց երեխաներին պարտադրում են այն, ինչ իրենք ժամանակին չեն ունեցել և զրկված են եղել։ Ընդ որում, հոր և մոր համար այդ ցանկությունները տարբեր են։ Հոր համար դա դպրոցական միջավայրում ինտերգրվելն է, լավագույների հետ ընկերություն անելը, մոր համար՝ անավարտ թողած կրթությունը դստեր միջոցով շարունակելն է։

    Ու արդյունքում, ամեն մեկը, իր երեխաների միջոցով, սեփական բարդույթները հաղթահարելու ճանապարհին, իսկական դժոխքի է վերածում այդ երեխաների կյանքը, որոնք երեքն են՝ երկու աղջիկ ու մի տղա։ Վեպը, նրանցից մեկի՝ Լիդիայի վաղաժամ մահվան պատճառների մասին է։ Այն բացահայտելով՝ հեղինակը ցույց է տալիս, ընտանիքի խնդիրների պատմությունը՝ ծնողների մանկությունից մինչև Լիդիայի մահ ու դրանից հետո։

    Երկրորդ թեմատիկ շերտով Սելեստան վերհանում է հանրային սոցիումի մեջ օտարների ինտերգրման խնդիրը։ Լի ազգանունով ընտանիքում հայրը չինացի է, մայրը՝ սպիտակամաշկ, երեխաները՝ ասիական արտաքինով կապուտաչյաներ։ Փոքրիկ ամերիկյան քաղաքում 1977-ին, դա այնքան արտառոց էր, որ երեխաները դա չէին էլ թաքցնում։ Թվում է գուցե թեման ակտուալ էր այդ տարիներին, բայց օտարներ միշտ էլ կան մեր հարևանությամբ, այն էլ հիմա, երբ աշխարհը ողողել են փախստականները։ Չէ որ մենք հայերս էլ ենք օտար, երբ գաղթում ենք այլ երկրներ։ Այդ դեպքում, ինչպես ինտեգրվել, ինչպես դառնալ յուրային ու ամենակարևորը, ինչպես սոցիալիզացիային ներգրավել երեխաներին՝ առանց նրանց սթրես կամ նոր բարդույթ պարգևելու։ Վեպի հերոսների մոտ դա գրեթե չի ստացվում։ Սոցիալիզացիան դառնում է և հոր և իր երեխաների ամենամեծ ողբերգությունը, ֆիասկո՝ մի ամբողջ կյանք տևողությամբ։ Սա չստացված ընտանեկան ադապտացիայի մասին պատմություն է, որից կարելի է դասեր քաղել։

    Կա նաև 3֊րդ, ոչ այքան ակնառու շերտը։ Դա դպրոցական բուլինգն է, որին ամեն օր հանդիպում են Լի ընտանիքի բոլոր երեխաները։ Բուլինգը կամ անվանարկումը, միշտ էլ եղել է, բայց հիմա այն կարող է այնքան ցավոտ լինել, որ դառնա ճակատագրական։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ սեփական երեխաներին բացատրել, թե որքան վնասակար է այն և զրուցել, հասկանալու համար, թե արդյոք տուժել են դրանից։

    Վեպը ներկայացնում է ասիական ընտանիքի ողբերգության ամենախորը պատճառներից մեկը՝ երբ ընտանիքի անդամները միայն առաջին հայացքին են միմյանց հետ մտերիմ։ Մինչդեռ ավելի ուշադիր նայելու դեպքում, տեսնում ես, որ ծնողներն ազնիվ չեն երեխաների հետ, երեխաները իրենք իրենց հետ, դուստրերը՝ մայրերի, որդիները՝ հայրերի։ Վեպը չի առաջարկում լուծումներ, չի մեղադրում ոչ մեկին։ Հերոսներն ու պատմությունն այնքան տպավորիչ են, որ եզրահանգումը այն կդարձներ ավելի պրիմիտիվ, մինչդեռ վեպի հմայքը այդ փոքրիկ ընտանիքի ինքնուրույն խնդիրների վերհանումն է։

    Մեծ հաշվով կարևոր չէ, թե որոնք են այդ խնդիրները, չէր որ, ըստ Տոլստոյի, բոլոր ընտանիքները դժբախտ են յուրովի, այլ դրանց հաղթահարման ուղին։ Իսկ այն բարդ չէ, ունիվերսալ է. ընտանիքում լինել, բաց, ազնիվ, լսել միմյանց և փորձել ճանաչել սեփական երեխաներին և ոչ թե ձևավորել նրանց մասին ձեր իդեալը ու էդ երազանքն ամեն օր սնել ու հագցնել նրանց։ Այդպես չի լինում։ Այդպես չի ստացվի։ Կարդացեք ու կհամոզվեք։

    2
    91