Рецензия на книгу
Берлускони. Человек, который двадцать лет обладал Италией
Алан Фридман
banadzev13 марта 2018 г.Берлускони. Человек, который двадцать лет обладал Италией Алан Фридман
Ալան Ֆրիդմանի գիրքը Սիլվիո Բերլուսկոնիի մասին չի տալիս մի քանի հարցերի հստակ պատասխաններ։ 1. Արդյո՞ք Բերլուսկոնին համագործակցել է իտալական մաֆիայի հետ 2. Արդյո՞ք առաջին շինարարական նախագծերի համար կաշառք է տվել 3. Արդյո՞ք կաշառել է դատավորներին՝ ընկերություններ ձեռք բերելիս 4. Արդյո՞ք իսկապես ունեցել 33 ջահել կանանցից բաղկացած հարեմ։ Չնայած գրքում հեղինակը փորձել է խոսել ամենասուր հարցերի մասին, բայց այնուամենայնիվ, սա հետաքննություն չէ, հետևաբար գալիս է մի պահ, երբ օրինակ «բունգա բունգա» սեքս երեկոների մասին զրույցն ավարտվում է, թե կողմերից ով ինչ կարծիք ունի։
Սա Բերլուսկոնիի հետ ավելի քան 100 ժամ տևած հարցազրույցի հիման վրա ստեղծված գիրք է։ Այդ իմաստով, գիրքը ներկայացնում է Բերլուսկոնիի կենսագրությունն այնպես, ինչպես կուզենար լեգենդար վարչապետ-միլիարդատերը դա պատմեր։ Թեև դրանից գիրքն ամենևին չի տուժում։ Այն ներկայացնում է ժամանակակից Եվրոպայի քաղաքական խոհանոցը։ Օրինակ, թե ինչպես էին Սարկոզին և Մերկելը ցանկանում բառի բուն իմաստով, գահընկեց անել Բերլուսկոնիին։
Գիրքը ներկայացնում է նաև Բերլուսկոնիի վերաբերմունքը «Միլան» ֆուտբոլային ակումբի նկատմամբ, թե որքան կարևոր էր այն իր համար, ինչ դրամատիկ փուլեր է ունեցել և ինչ տպավորիչ հաղթանակներ ու ցավոտ պարտություններ։
Բայց ամենազավեշտալին դա չէ։ Գիրքն ավարտվում է 2016 թվականով, երբ Բերլուսկոնին չգիտեր, թե ինչպիսին կլինի իր քաղաքական ճակատագիրը, երբ նրան արգելված էր զբաղվել քաղաքականությամբ մինչև 2019 թվականը։ Եվ մեծ հաշվով, իր համախոհների հետ զրույցն ավարտվում է, երբ նրանք խոսում են 2018֊ի սպասվող ընտրությունների մասին՝ շատ մշուշոտ, անորոշ ու անվստահ։
Եվ ահա 2018-ն է։ Եվ ի՞նչ։ Բերլուսկոնիի գլխավորած կուսակցական դաշինքը վերջին ընտրություններով գրավել է 2֊րդ տեղը Իտալիայի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով 37 տոկոս ձայն։ Բարետես արտաքինով, բնական խելքով, ինտուիցիայով և կանանց նկատմամբ անդիմադրելի թուլությամբ ամենահայտնի իտալացի քաղաքական գործչի ու միլիարդատերի վերջին ցուցանիշը հերթական հեփփի-էնդն է։ Ու հասկանալու համար, թե որքան դժվար դա տրվեց, ինչի միջոցով անցավ, արժի կարդալ այս գիքրը։
1221